Մարտի 13-25-ը աշխատանք կորցրած եւ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողները միանվագ նպաստ կստանան

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունված հակաճգնաժամային որոշումներից մեկով սահմանեց, որ արտակարգ դրության օրերին՝ մարտի 13-25-ի հատվածում աշխատանքից զրկված ծնողների երեխաները կստանան նպաստ։ Այստեղ, սակայն, կան որոշակի պայմաններ։
Նպաստը կտրվի այն ընտանիքներին, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.
ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել.
ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած.
միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողն (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, կամ հարյուր հազար դրամի սահմաններում։