Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Դեկտեմբեր / 2020


«Աշխարհը արդեն ֆինանսատնտեսական ճգնաժամի նախանշաներ է ցույց տալիս». Արմեն Մանվելյան

Նավթի գնի սրընթաց անկման և դրանով պայմանավորված` համաշխարհային տնտեսության առաջիկա վայրիվերումների մասին Yelaket.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանի հետ:

- Պարոն Մանվելյան, նավթի գինն աշխարհում արագ անկում է ապրում: Ի՞նչն է դրա պատճառը:

-Պատճառները մի քանիսն են, առաջին հերթին նավթի շուկայում առաջարկի և պահանջարկի համամասնության խախտումը հօգուտ առաջարկի, որն արդեն նկատելի էր անցած տարվա դեկտեմբերից, երբ նավթի գները կայուն կերպով սկսեցին նվազել, քանի որ նավթի արդյունահանման սահմանափակումները խախտվում էին։ Այս նվազումը էլ ավելի արագացավ` պայմանավորված Կորոնովիրուս կոչվող վարակի տարածման հետ, որը առաջին հերթին հարվածեց Չինաստանին, իսկ այդ պետությունը աշխարհ ամենախոշոր պետություններից է` նավթի սպառման ծավալով։ Չինաստանի տնտեսության կանգը հանգեցրեց նավթի գների անկման արագացմանը, իսկ վերջնական հարվածը և առաջացած ճգնաժամի պատճառը հիմնական արտադրող պետությունների՝ Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի միջև նավթի արդյունահանման կրճատման շուրջ բանակցությունների ձախողումն էր։

- Այս պահին կարո՞ղ ենք արձանագրել, որ նավթի շուկայում ճգնաժամային իրավիճակ է:

-Իրավիճակը կարելի է նկարագրել որպես նախաճգնաժամային, պայմանավորված փաստով, որ նավթի գնի անկումը դեռ չի հանգեցրել ֆոնդային բորսաների անկման ու խուճապի, սակայն եթե նավթի գինը նվազի 20 դոլարից ցածր, ապա բացառված չէ, որ շատ բիրժաներ կփակվեն` թույլ չտալու համար միջազգային ինդեքսների վերջնական փլուզման։ Կան որոշակի սպասումներ, մասնավորապես ԱՄՆ կողմից նավթի նոր պաշարների գնման, Չինաստանի տնտեսության շարժի հետ կապված, քանի որ վերջիններս կարծես թե հաղթահարել են համաճարակային իրավիճակը, ինչը կարող է որոշ ժամանակ կայունացնել նավթի շուկաները։

- Ռուբլու արժեզրկումն ու դոլարի արժեքի բարձրացումը կարո՞ղ ենք կապել նավթի շուկայի հետ:

-Միանշանակ, դրանք անուղակիորեն իրար հետ կապված են ու հատկապես այն երկրներում, որտեղ արտարժույթի մուտքը ապահովում է նավթի վաճառքից։ Նավթի գնի անկումը հանգեցնում է արտարժույթի մուտքի նվազմանը ինչն էլ այդ «ապրանքի» դեֆիցիտ է ստեղծում, սա էլ իր հերթին բերում է դրա թանկացմանը տեղական արժույթի հետ համամետած։ Բացի այդ, նավթը միակ ապրանքն է, որի վաճառքը կատարվում է միմիայն դոլարով, հետևաբար նավթ-դոլար հարաբերակցությունը, այսպես ասենք, հակառակ համեմատական են, այսինքն նավթի գնի նվազումը հանգեցնում է դոլարի ուժեղացմանը և հակառակը։ Սա ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս ազդել նավթի գնի վրա թուլացնելով կամ ուժեղացնելով դոլարի պահանջարկը միջազգային շուկաներում։

- Ներկա իրավիճակը հետագայում ի՞նչ հետևանք կունենա համաշխարհային տնտեսության վրա:

-Կարճ եթե պատասխանեմ, ապա բավականին երկարատև ու խորքային։ Առաջին հերթին պարզ դարձավ, որ համաշխարհային տնտեսության մեջ գերկարևոր է Չինաստանի դերը և ցանկացած ճգնաժամ այնտեղ կարող է հանգեցնել համաշխարհային ֆինանասատնտեսական աղետի։ Այսիքն աշխարհատնտեսական համակարգի տեղաշարժ է տեղի ունեցել Արևմուտքից դեպի Արևելք։ Հիմնական տուժողը կլինի սպասարկան և ծառայությունների ոլորտը, հատկապես տուրիզմը, տրասնպորտային փոխադրումները և այլն։

-Եթե այս ամենին հավելենք նաև համաշխարհային համավարակի հետևանքները, հնարավո՞ր է առաջիկայում աշխարհը կրկին ճգնաժամի մեջ հայտնվի:

-Աշխարհը արդեն ֆինանսատնտեսական ճգնաժամի նախանշաներ է ցույց տալիս, ֆինանսական բորսաներում խուճապ է և անկում։ Անդրազգային ընկերությունները մի քանի օրերի ընթացքում միլիարդավոր դոլարների վնասներ են կրում, ըստ տարբեր հաշվարկների` անցած շաբաթվա ընթացքում աշխարհի ֆոնդային բորսաներում տնտեսական ինդեքսների անկումը կազմում է մոտ մեկ տրիլիոն դոլար։

- Ի՞նչ կարող ենք շահել կամ կորցնել մենք այս զարգացումների փուլում. ո՞րոնք են մեր առաջնային անելիքները:

-Իրականում սա շատ կարևոր հարց է, թե ինչ կարող ենք կորցնել և շահել, նմանատիպ հաշվարկի համար պետք է կատարել բավականին լուրջ վերլուծություն, հասկանալ ստեղված իրավիճակի պատճառները, դրա զարգացման հնարավոր դինամիկան և ըստ այդմ կատարել համապատասխան սցենարների կազմում։ Բայց նմանատիպ աշխատանք մեկ մարդ ու նույնիսկ մեկ ինստիտուտ չի կարող անել, այստեղ բավականին լուրջ և տարբեր վերլուծական կենտրոնների, խմբերի ու նույնիսկ գերատեսչությունների համատեղ աշխատանք է պետք, ինչը, սակայն, փաստենք այս պահին չի կատարվում ու բացի այդ մենք չունենք նմանատիպ ներուժը։ Չմոռանանք, որ վերջին երկու տարում ՀՀ-ում գործող մոտ ութ, այսպես կոչված, ուղեղային կենտրոներ են փակվել գործող իշխանությունների կողմից։

- Զրույցը եզրափակենք մեր հարևանին անդրադառնալով. Բաքվի մոտակայքում նոր նավթահոր է հայտնաբերվել: Ի՞նչ նավթահոր է դա, ի՞նչ ռեսուրսներ կան այնտեղ, և որքանո՞վ դա կարող է անհանգստացնել մեզ:

-Ես ինչոր տեղ կարդացել եմ, որ այդ նավթահանքի պաշարները գնահատվել են մոտ 60 միլիոն տոննա, եթե դա ճիշտ է, ապա չեմ կարծում, որ այն շահագործելու համար ինվեստորներ կգտնեն, դա բավականին փոքր պաշար է, բացի այդ ներկա գների պայմաններում ոչ մեկը Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումներ չի կատարի։


Գևորգ Գյուլումյան

դիտվել է 8210 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից