Կորոնավիրուսով վարակվածների 78%-ը ջերմություն չունի. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 78%-ն ընդհանրապես ջերմություն չունի, թոքաբորբով հիվանդ է 194 հոգուց 14-ը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում երեկ երեկոյան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հաստատված դեպքերի 78%-ն ընդհանրապես չունի ջերմություն: 37-38 աստիճան ջերմություն ունեն 18%-ը, 38-39 աստիճան ջերմություն ունեն 3%-ը, 39 աստիճանից բարձր ջերմություն ունի մեր հիվանդների ընդամենը 1%-ը: Թոքաբորբով հիվանդ 14 մարդ ունենք, նրանցից 6-ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, բայց այս պահին նրանց վիճակը, նույնպես, համարվում է կառավարելի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ամենասուր ռիսկային տարիքային գոտում գտնվող վարակված չկա:
«65-ից բարձր տարիքային խմբի 9 հոգի հիվանդ ունենք, 70-ից բարձր՝ 3 հոգի հիվանդ, 80-ից բարձր՝ հիվանդ չունենք: Սա նշանակում է, որ ամենասուր ռիսկային գոտուց հիվանդ չունենք»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է առավելագույնն արվի տարեցներին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու համար, և այդ ուղղությամբ կառավարությունը ձեռնարկում է քայլեր։ Դրան է միտված, որ կենսաթոշակները կբաժանվեն առձեռն։
Մանրամասները տեսանյութում։
Մեր ռազմավարությունը պանդեմիայի պայմաններում. Նիկոլ Փաշինյան