Կոնկրետ ծրագրերով վարկառուները կկարողանան մինչև 6 ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները. ԿԲ նախագահ

Կառավարության արտահերթ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՀ ֆինանսական համակարգի վերաբերյալ հայտարարություն ունի անելու:
«Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և ուզում եմ արձանագրել, որ ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է՝ բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ՝ արտարժույթով»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն արձագանքեց՝ հաստատում է Փաշինյանի հայտարարությունը. «Այսօր հանրապետությունում որևէ խնդիր չկա. դրա մասին նաև փաստերն են խոսում: Սկզբից տարբեր հայտարարությունների ներքո շուկայում ունեցանք որոշ վայրիվերումներ և անկայուն վիճակ, բայց այն հիմա լրիվ վերահսկվում է, և կարելի է ասել, լրիվ կայուն է»,-ասաց նա:
Վարչապետը հարց ուղղեց նաև բանկերի՝ ճգնաժամային իրավիճակում քաղաքացիների սպասարկման, տույժ-տուգանքների ներման և հնարավոր աջակցության վերաբերյալ: Փաշինյանը նշեց, թե Ջավադյանն այսօր կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ ծրագրերով իրականացված վարկավորման դեպքերի համար նույնպես առաջարկվել է, որ բանկերն առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին:
«Մենք պայմանավորվեցինք մեր գործընկերների՝ Ազգային հիփոթեքային ընկերության, «Բնակարան երիտասարդներին» ծրագրի և միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե բանկն իր հաճախորդի հետ իրականացնում է փոփոխություն, հնարավորություն ենք տվել մինչև 6 ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները՝ հետաձգել մարումները, երկարացնել ժամկետները, հարկ եղած դեպքում իջեցնել տոկոսադրույքները: Այդ ամենն անելու դեպքում այս կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները»,-պատասխանեց ԿԲ նախագահը՝ նշելով, թե արդեն այսօրվանից բանկերն այդ հնարավորությունն ունեն:
Ջավադյանն ասաց, որ բացի այդ, քաղաքացիները ցանկացած առանձին դեպքով կարող են դիմել ԿԲ-ին՝ թեժ գծի հեռախոսահամարով, և ստանալ աջակցություն: