Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հոկտեմբեր / 2020


Ժամանակին օգնել եմ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Գևորգյանին, երբ նրանք անազատության մեջ էին. նոր մանրամասներ

hraparak.am-ը գրում է.

Մարտի 4-ի, լույս 5-ի գիշերը, ժամը 2-3-ի սահմաններում, հարյուրավոր ոստիկաններ, մի մասը՝ դիմակավորված, ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն եւ դրան հարակից այլ տներ ու վայրագություններ արել։ Կոտրել են տան դռները, պատուհանները։ Թեպետ երկաթյա դռներն այդպես էլ չեն կարողացել կոտրելով բացել՝ ուժները չի հերիքել։ Մտել են սենյակներ, տակնուվրա արել ամեն ինչ, քաշքշել Արամ Վարդանյանի մորը, ընտանիքի այլ անդամների, վախեցրել նրա հնգամյա թոռնուհուն, որը վախից կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետեւ բերման են ենթարկել Վարդանյանի եղբորորդուն, այլ անձանց, նաեւ հարակից բնակարաններից, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Արամ Վարդանյանի հետ։

Երեկ մենք այցելեցինք Արամ Վարդանյանի առանձնատուն եւ ականատես եղանք այս ամենին։ Արամ Վարդանյանը ո՛չ ներխուժման, ո՛չ մեր այցելության պահին բնակարանում չէր, թեեւ մի քանի օր է՝ Հայաստանում է։ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն իր վստահորդի տան բակում ներկայացրեց եղելությունը, ասաց, որ ունեն տեսագրություններ, եւ ոստիկանների գործողությունները որակեց գազանություն։ Նաեւ ասաց, որ ինքը ներխուժումից 15 րոպե անց արդեն եղել է Վարդանյանի բնակարանում, եւ ամեն ինչ իր աչքի առջեւ է տեղի ունեցել։ Սահակյանը փորձել է պարզաբանում ստանալ ոստիկաններից, այդ թվում՝ ներխուժման գործողությունն անձամբ տեղում համակարգող Էրեբունու ոստիկանապետից, սակայն նրան որեւէ բացատրություն չի տրվել, խուզարկության կամ այլ գործողության մասին որեւէ օրինական փաստաթուղթ չի ներկայացվել։ Սահակյանն ասաց նաեւ, որ ոստիկաններն իրենց հետ տարել են Վարդանյանի տան տեսախցիկների ինֆորմացիան կրող DVR սարքերը, նաեւ տեղի է ունեցել հափշտակություն՝ ոստիկանների հեռանալուց հետո հայտնաբերել են, որ տնից բացակայում են Վստրեչի Ապերի ոսկյա շղթան եւ օծանելիքը, գումար։


Երեկ օրվա ընթացքում, երբ արդեն աղմուկ էր բարձրացել, ոստիկանությունից պարզաբանեցին, թե «կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում»: Թե ինչ քրգործ է, անհասկանալի է։ Փաստաբանն ասաց՝ ինչ-որ քաղաքացու ցուցմունքի հիման վրա հարուցված քրգործ է, որ իբրեւ թե Վստրեչի Ապերի «մարդիկ» 2016 թվականին մարդ են առեւանգել եւ մեքենա են գողացել։

Օրվա վերջում մենք զրուցեցինք Արամ Վարդանյանի հետ, որի տեղը հայտնի չէ։ Նա բավականին ուշագրավ բաներ ասաց։ Նախ ասաց, որ երկու ամիս ինքը երկրում չէր, եւ այդ ընթացքում իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերեւույթ համաձայնել է եւ որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան։

«Ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ՝ արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, ե՛ւ քո համար լավ կլինի, ե՛ւ կոնկրետ մարդկանց համար․ երեւի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ։ Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը՝ տուն ջարդելը, երեխային վնաս տալը եւ այլն, եւ այլն»,- ասաց նա։

Փորձեցինք հստակեցնել՝ գործարքն ինչի՞ շուրջ պետք է կայանար, ի՞նչ էին իրեն առաջարկում։ «Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեն ասֆալտին, նկարեն։ Բայց ես չգնացի գործարքի»,- ասաց նա։ Վարդանյանը նաեւ նշեց, որ ինքը որեւէ քննությունից չի խուսափում՝ թող ծանուցեն, հրավիրեն, պատրաստ է ներկայանալ, նախկինում էլ, երբ հրավիրել են, ներկայացել է։
Նա այլ ուշագրավ բաներ էլ ասաց՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, թե ինչպես է ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանն անազատության մեջ էր գտնվում, օգնել Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ «Իրենք հասցրեցին նրան, որ իմ հինգ տարեկան թոռնիկն էսօր խոսելու խնդիր ունի, ու ես չեմ ուզում հիմա խղճահարություն առաջացնել, Աստված կա վերեւը։ Եվ ես իմ տրամաչափից գտել եմ ցածր՝ սենց բաներ խոսելը, բայց որ իրենք իմ հինգ տարեկան թոռնիկին հասցրին էդ վիճակին, ես հիմա պետք է խոսեմ։ Խոսեմ նրանից, որ երբ նույն մեր շատ սիրելի վարչապետը նեղ դրության մեջ էր, ինքն էլ կունենար էդ ժամանակ երեւի հինգ տարեկան երեխա։ Ու ինչ-որ անհանգիստ դրության մեջ էր իր ընտանիքը, եւ ինքը միջնորդավորված՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Շողեր Մաթեւոսյանի, Ավետիս Բաբաջանյանի, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով դիմում են ինձ, որ օգնեմ։ Ու գիշերը ժամը 2-ին Գոհար Վեզիրյանը զանգում է ինձ, հանում քնից, թեպետ ժամը կապ չունի, երբ ուզեր, կարող էր զանգել, բայց ես կարողացա ստեղծել իրավիճակ, դա կլիներ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ այլ տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդորրն էդ գիշեր ապահովվի, իրենք հանգիստ քնեն։ Համենայնդեպս, նեղության մեջ գտնվող մարդու ընտանիքին, ես մտածեցի, որ կարողացա մի փոքր բանով թեկուզ օգտակար լինեմ»,-ասաց Արամ Վարդանյանը։

Ըստ նրա՝ այս պահքի շրջանում ով որ այս հրամանը տվել է՝ գուցե շահարկելով վարչապետի անունը, որ գան, իր տուն ներխուժեն եւ հինգ տարեկան երեխային հասցնեն հիվանդության աստիճանի, մինչդեռ ինքը ժամանակին է հակառակն արել իրենց հանդեպ, ու սա բումերանգի պես վերադառնալու է իրենց։

«Կարող են հարցնել նաեւ Հայկ Գեւորգյանին՝ իրենց ներկայիս պատգամավոր, որ նախկինում Փաշինյանի թերթի լրագրողն էր։ Էլի նույն անձանց միջոցով՝ Շողեր Մաթեւոսյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլն, միջնորդել են, որ օգնեմ։ Էլի ինչ-որ խնդիրների մեջ էր ընկել Հայկը, ու ես էլի իմ խորհուրդներով, ուրիշ ինչ-որ դրսեւորումներով օգտակար եղա, ու հիմա էս մարդիկ էս ձեւով երեւի ուզում են իրենց «պարտքը» տան ինձ։ Բայց ես ինչ արել եմ իմ կյանքում, միայն տիեզերքից է հետ գալու, ես ոչ մեկից փոխհատուցում չեմ սպասել։ Դա՝ կոնկրետ կապված այն երեւույթների հետ, երբ որ իրավապահ համակարգի էդ չինովնիկները, որ վարչապետի անունը տալով, որ նա է հրաման տվել, որ այսպիսի միջոցառում լինի, էսպիսի քայլերի են դիմում»,- ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ ինքը Նիկոլ Փաշինյանին եւ Հայկ Գեւորգյանին օգնել է քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ նրանց ընտանիքներին է օգնել դրսում, Վարդանյանն ասաց՝ ե՛ւ նա, ե՛ւ նա։ Նաեւ նշեց, որ գործող պաշտոնյաներից էլի մարդիկ են եղել, որոնց ինքը ժամանակին օգնել է, երբ նրանք անազատության մեջ են եղել, եւ եթե այդ պաշտոնյաներն այսօր տղամարդկություն ունենան, կխոստովանեն։ «Ես երբեք չեմ վախեցել, որ մեկը իմանա, կնեղանա ինձանից, որ ես իրենց օգնել եմ։ Ես համարել եմ՝ նեղն են, օգնել եմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

դիտվել է 37766 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից