Ոստիկանների հեռանալուց հետո «Վստրեչի Ապեր»-ի տնից անհայտացել են ոսկյա զարդեր, օգտագործված օծանելիք. փաստաբան

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան խուզարկությունից հետո կան մի շարք բերման ենթարկվածներ և ձերբակալված 2 անձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Նրանց խոսքով՝ մինչ տանն իրականացված գործողությունները և դրանից հետո, հանդիպել են Արամ Վարդանյանին, իսկ ոստիկանության գործողություններից հետո տեղյակ չեն, թե որտեղ է նա գտնվում: «Ոստիկանները Վարդանյանին պատկանող տներ են մտել պատերի վրայով, դռները ջարդելով: Մի շարք հափշտակություններ են արել, այդ թվում՝ օծանելիքի կիսադատարկ շշեր, ոսկյա զարդեր», - նշեց Սահակյանը:
Փաստաբանները նշեցին, որ ոստիկանները որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, որով՝ որոշում ունեն խուզարկություն կատարելու. «Միայն գիտենք՝ 2016թ. ինչ-որ գործի շրջանակում է արվել, բայց թե ինչ գործի՝ մեզ չեն տեղեկացրել»,- ասաց Վարոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում՝ Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։