Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Օգոստոս / 2020


Թող մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն. Ամենայն հաոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։

Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես նորոգված ու բարեպաշտ ընթացքով արժանի դառնանք տերունապարգև փրկության բաղձալի պարգևին: Առաքյալը պատվիրում է ընթանալ Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար Տիրոջն արժանի և ամեն ինչում Նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող․ Ա 9-10):

Խորհրդաշատ այս ժամանակաշրջանը, սիրելի զավակներ Մեր, լավագույն առիթն է վերստին ամրապնդելու միմյանց հանդեպ սերն ու հարգանքը, լավագույն առիթն է զորացնելու մեզանում հանդուրժողականության ու փոխըմբռնման ոգին՝ մեր մտահայացքի առջև ունենալով Սուրբ Գրքի պատգամը, որ եղբայրսիրությունը դեպի Աստված օրհնյալ ճանապարհն է (հմմտ․ Ա Հովհ․ Դ 20-21): Եղբայրսիրությամբ պիտի զորացնենք մեր միասնականությունը Հայրենիքում և Սփյուռքում, ազգային և ներեկեղեցական մեր կյանքում հաստատենք փոխհասկացության ու գործակցության ոգին և առ Աստված ապավինությամբ կերտենք արդար ու լուսավոր գալիքը մեր ժողովրդի: Արդարև, սերը քրիստոնեական առաքինությունների բարձունքն է։ Տերունապատվեր այս սերն է ազգային ու հայրենական անդաստանում, ընտանեկան ու հասարակական կյանքում խաղաղության ու բարօրության ապահովման լավագույն գրավականը:

Մեր հորդորն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր, սիրեցյալ զավակներիդ՝ Մեծ Պահքի կարևոր այս շրջանն անցկացնելու աղոթքով, պահեցողությամբ ու խոկումներով, մասնակցելու մեր եկեղեցիներում կատարվող սրբազան արարողություններին, զորացնելու միմյանց հանդեպ կամեցողության ոգին, առատացնելու բարի գործերը, որպեսզի առավել շենանա ու պայծառանա մեր կյանքը Աստվածաշնորհ օրհնություններով: Մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում և Իրաքում բնակվող մերազնյա զավակների՝ մեր եղբայրների ու քույրերի և բոլոր ժողովուրդների համար, ովքեր տարիներ շարունակ ապրում են պատերազմական դժվարությունների և քաղաքական ալեկոծությունների մեջ:

Երկնավոր Տիրոջ օրհնության հայցով մաղթենք խաղաղություն աշխարհին, մարդկանց սրտերին, խաղաղություն մեր հայրենիքին ու մեր ժողովրդին, ինչպես և՝ հավատքի, հոգևոր կյանքի պայծառություն, առաջընթաց ու զորացում աշխարհասփյուռ ազգիս հայոց։

Թող մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն։

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

դիտվել է 1467 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից