Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Տիգրան Նալչաջյանը՝ մասնագիտության, սիրո կախարդանքի, «Դասարանցիներ» ֆիլմի և կյանքի մեծագույն իմաստության մասին

«Ելակետ» լրատվականի զրուցակիցն է դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը մասնագիտության, սիրո կախարդանքի, «Դասարանցիներ» ֆիլմի և կյանքի մեծագույն իմաստության մասին:

 -Ռեժիսուրան Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, բնավորություն, թե՞ կենսակերպ:

-Չեմ ցանկանա ամպագոռգոռ պատասխանել և ասել, որ դա կենսակերպ է, կամ բնավորություն: Պարզապես մասնագիտական այն գլխավոր ուղղությունն է, որտեղ պատկերացնում եմ իմ ստեղծագործական ռեալիզացիան: Սակայն ես առաջին հերթին դերասան եմ, ով որպես ռեժիսոր նկարահանում է իր կինոն:


-Ի՞նչն եք ամենից շատ կարևորում ֆիլմարտադրությունում:

-Շատ չափանիշներ կարելի է թվարկել՝ սցենարը, դերասանական խաղը, կադրի էսթետիկան, երաժշտությունը…
Սակայն, քանի որ ապրում և ստեղծագործում ենք Հայաստանում, ապա պետք է նաև նշեմ այն, որ կարևորում եմ մինիմալ հնարավորություններից մաքսիմալ արդյունք ստանալու հանգամանքը:


-Կինոն պատկանում է միայն ինտելեկտուալ անձանց, թե՞ պետք է հասանելի լինի լայն զանգվածներին:

Կինոն պետք է նկարահանեն ինտելեկտուալները, սակայն դա պետք է անեն այնպես, որպեսզի իր ասելիքով հասանելի լինի լայն զանգվածներին: Իհարկե կան ժանրեր, ոճեր և նորարարություններ, որոնց դեպքում դա փոքր- ինչ դժվար է:

-Կինը կարո՞ղ է հզոր դրամատուրգիական ասելիքով ֆիլմ նկարահանել:

-Իհարկե կարող է: Այդպիսի վառ օրինակներից են Քեթրին Բիգելոուն և Սոֆյա Կոպոլան: Ես շատ եմ սիրում նաև ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմերը: Վստահ եմ, որ կարելի է դրանք կոչել Մելիքյանական կինո:


-Մարտի 5-ից Ձեր դերակատարմամբ բոլոր կինոթատրոններում կցուցադրվի «Դասարանցիներ» ֆիլմը: Ո՞րն է ֆիլմի հիմնական ուղերձը:

-Ֆիլմը շատ գեղեցիկ պատմություն է դպրոցական սիրո, ընկերության և յուրահատուկ դասղեկի հետ հարաբերությունների մասին: Այն հարուստ սյուժե ունի և տարբեր սյուժետային գծեր: Դաստիարակչական և մոտիվացնող է լինելու: Հանդիսատեսին թե՛ կուրախացնենք, թե՛ կհուզենք: Կոչ եմ անում այն դիտել կինոթատրոններում, քանի որ համացանցային ցուցադրություն չենք նախատեսում այս անգամ:


-Ֆիլմը ունի՞ նախապատմություն: Փոքր-ինչ կներկայացնեք սյուժեն:

-Դասարանի պատմություն է, որտեղ գեղեցիկ կերպով ներկայացնելու ենք համախմբվածությունը, իրական ընկերությունն ու ամեն գնով կյանքի ցանկացած պահին չնահանջելու և չհանձնվելու գաղափարը: Սյուժետային գծերը չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը չկոտրեմ: Միայն կնշեմ, որ ֆիլմը մանկական չէ և այն կարող են դիտել բոլորը:


-Մեր երիտասարդությունը բազմաշերտ է: Ի՞նչ սկզբունքներով եք ընտրել դերասաններին:

-Արդեն 10 տարի ղեկավարում եմ «Սթեյջ 7» դերասանական ստուդիան: Դասարանի դերակատարները իմ սաներն են: Նրանցից շատերը բավական փորձառու են: Օֆելյա Հարությունյանն ու Լիլյա Գևորգյանը նկարահանվել են իմ նախորդ՝ «Արթնացիր» գեղարվեստական ֆիլմում, Ստեփան Հովհաննիսյանը հանդիսատեսին հայտնի է մի շարք նախագծերից, իսկ մյուսները նույնպես ունեն որոշակի փորձ, քանի որ խաղացել են ստուդիայի ներկայացումներում և մասնակցել տարբեր նկարահանումների: Ֆիլմում կան նաև մի շարք հրավիրված դերասաններ:


-Ի՞նչն է տաղանդավոր և հաջողակ մարդկանց տարբերությունը:

-Ես կարծում եմ, որ գլխավորն աշխատասիրությունն է: Կարևորը հաղթողի հոգեբանությունն է: Դա միակ ուղին է տաղանդը բացահայտելու և զարգացնելու համար: Անկեղծ ասած լուրջ չեմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր իբր տաղանդավոր են, սակայն շարունակ բողոքում են, որ իրենց չտրվեց հնարավորություն դրսևորվելու համար: Կարծում եմ՝ իրական տաղանդները գտնում են ինքնադրսևորման ուղին:


-Առաջին սերը, ինչ էլ որ անես, միշտ կո՞ւտ է գնում:

-Առաջին սիրուն այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում: Կարևորը կյանքի մեծագույն սերն է՝ լինի առաջինը, թե վերջինը:


-Սիրո կախարդանքի առաջ բոլո՞րն են անզոր:

-Կարծում եմ՝ սիրուց պետք է թևեր առնել, այլ ոչ թե դառնալ անզոր և կործանվել:


-Երբ թվում է, թե ամեն բան ձախողվել է, որտե՞ղ եք հանգրվանում:

-Երբեք չեմ ունենում զգացողություն, որ ամեն բան ձախողվել է: Կյանքը շարունակվում է և յուրաքանչյուր օրը շանս է զրոյից սկսելու համար: Պարզապես երբեմն պաուզայի կարիք է զգացվում, որը սիրում եմ անցկացնել քաղաքից հեռու, բնության գրկում:


-Ի՞նչն է Ձեզ անասելի երջանկություն պարգևում:

-Այն, որ զբաղվում եմ այն ամենով, ինչ սիրում եմ: Շրջապատված եմ սիրելի մարդկանցով, զբաղվում եմ սպորտով և մարտարվեստով, կարդում եմ հետաքրքիր և օգտակար գրականություն, զարգացնում եմ մասնագիտական որակներս, զբոսնում եմ, գնում եմ կինո և թատրոն…Շատ բան կարող եմ թվարկել, որոնցից կազմված է գեղեցիկ ապրելու կյանքի իմ փիլիսոփայությունը:


-Ըստ Ձեզ՝ ո՞րն է մեծագույն իմաստությունը:

-Շարունակական զարգացումը՝ անկախ տարիքից և կյանքի հանգամանքներից:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

դիտվել է 20413 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից