Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Վաչագան Ղազարյանի կողմից «Յանսի» նախկին հաշվապահից 40 մլն դրամ շորթելու գործը կարճվել է. Հաշվապահը մտադիր է դիմել դատարան

Գլխավոր դատախազությունը մերժել է «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ կողմից նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու ՀՔԾ քննիչի որոշման դեմ տուժող կողմի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց պաշտպանը՝ նշելով, որ որոշումն ստացել է այսօր եւ պատրաստվում է այն բողոքարկել դատարանում։

«Յանս» ռեստորանի նախկին հաշվապահը պնդում է, որ «Յանս»-ի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իրենից 40 մլն դրամ է շորթել։ Սուսաննա Արիստակեսյանն այս մասին հաղորդում էր ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Ավելի վաղ, մինչեւ իշխանափոխությունը նախկին հաշվապահն անցնում էր յուրացում կատարելու քրեական գործով։ «Սելենա» ՍՊԸ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից դեռ 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։

Ըստ նախնական տվյալների, համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ.-ի հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս.Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Ըստ ՔԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Նախաքննության ընթացքում հաշվապահը փոխհատուցել էր պատճառված վնասն ամբողջությամբ։

Սուսաննա Արիստակեսյանի պաշտպանն ասաց, որ այս դեպքով իրենք հանցակազմի բացակայության հիմքով գործի կարճում են ակնկալում։ «Երկու փորձաքննություն է տեղի ունեցել, հիմա երրորդն է ընթացքի մեջ։ Առաջին երկու փորձաքննություններով հնարավոր չի եղել հիմնավորել Սուսաննա Արիստակեսյանի կողմից այդ հափշտակությունը կատարելու փաստը։ Ամենայն հավանականությամբ երրորդ փորձաքննությունն էլ ոչինչ չի տալու վարույթն իրականացնող մարմնին եւ մենք ակնկալում ենք , որ հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի այդ գործը»,-ասաց պաշտպանը։

Վերջինս փոխանցեց, որ Սուսաննա Արսիտակեսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում՝ նախնական փուլում, որպես խափանման միջոց կալանավորումն է ընտրվել, այդ ընթացքում, պաշտպանի խոսքով, «Յանս»-ի տնօրինությունը, սեփականատերերի գիտությամբ եւ պահանջով Սուսաննա Արիստակեսյանի հարազատներից պահանջել եւ ստացել է 40 միլիոն դրամ, այն դեպքում, երբ Սուսաննա Արիստակեսյանի մեղադրանքը 25 միլիոն դրամ է եղել ու մինչ օրս 25 միլիոն դրամ է։

«40 միլիոն դրամը պահանջում են չբողոքելու համար ու Սուսաննա Արիստակեսյանի՝ ազատության մեջ հայտվելուն չխոչընդոտելու համար։ 40 միլիոն դրամը վճարելուց հետո Վերաքննիչ դատարանը Սուսաննա Արիստակեսյանի նկատմամբ գրավ է կիրառել եւ նա հիմա ազատության մեջ է։ Այս ամենը եղել է 2017 թվականին։ Վաչագան Ղազարյանի նկատմամբ ապօրինի հարստանալու դեպքի առթիվ 2018 թ. գործի հարուցումից հետո Սուսաննա Արիստակեսյանը հաղորդում է տվել, որ իրենից եւ իր հարազատներից 40 միլիոն դրամ են շորթել, նաեւ վախեցրել են հարազատներին՝ Վաչագան Ղազարյանը, կինը, որդին, «Յանս»-ի փաստացի տնօրենը՝ Սերգեյ Կարապետյանը։ Նրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել, սակայն գործը կարճվել է, գտել են, որ շորթում տեղի չի ունեցել, քանի որ Սուսաննա Արիստակեսյանի գործով տուժող են ճանաչվել, հետեւաբար, ինչ գումար էլ ուզենային, կարող էին պահանջել»,-ասաց փաստաբանը։

Թամարա Բաղդասարյանը եւս մեկ անգամ շեշտեց՝ անգամ 25 միլիոն դրամի դրվագով իր պաշտպանյալի մեղքը առայսօր չի հիմնավորվել։

«Հիմա, եթե Սուսաննա Արիստակեսյանի գործը արդարացման հիմքով կարճվի, ի՞նչ է ստացվելու, ինչի՞ համար է այդ 40 միլիոնը պահանջվել եւ ստացվել իրենից»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի գործը «դեգերել է» տարբեր քննչական մարմիններում։

«Գնաց ՀՔԾ, եկավ Քննչական կոմիտե, քաղաքի վարչություն, հետո նորից հետ՝ ՔԿ։ Ըստ էության չեն կարողանում կողմնորոշվել, ի վերջո, որ մարմինը պետք է գործը քննի եւ ավարտին հասցնի»,-եզրափակեց փաստաբանը՝ ակնկալելով, որ ի վերջո արդարությունը կհաղթի։

Հավելենք, որ «Յանս»-ի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին եւս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1 հոդվածի 1-ին մասով, այն է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը եւ ապօրինի հարստանալը այն բանից հետո, երբ նրա տանը կատարված խուզարկությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հայտնաբերվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

Դրանից որոշ ժամանակ անց՝ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն մեկ այլ պաշտոնական հաղորդագրություն տարածեց առ այն, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսեւորումներ, որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Այս դրվագներով նախաքննության կատարումը հանձնարարվել է հատուկ քննչական ծառայությանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 3325 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից