Մոսկվան Հայաստանի միջոցով գայթակղե՞լ է Բաքվին

Lragir.am-ը գրում է․ Ռուսական Վեդոմոստին տեղեկություն է հրապարակել, որ Ադրբեջանը ցանկանում է գնել ռուսական հինգերորդ սերնդի Սու 57 կործանիչներ: Ըստ Վեդոմոստիի, այդ գործարքի գործընթացը ստացել է ամենաբարձր հավանությունը: Միաժամանակ նշվում է, որ բանակցությունը կտեւի բավական երկար:
Ըստ թերթի, Ադրբեջանը այդ գնումը փորձում է կատարել ի պատասխան Հայաստանի Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման:
Երբ մամուլում քննարկվեց Հայաստանի հնարավոր ձեռքբերումը, որը եւս տարիների բանակցության արդյունք է, միաժամանակ շրջանառվեցին կարծիքներ, որ Հայաստանին կատարելով այդ մատակարարումը, Մոսկվան թերեւս մտադիր է շահագրգռել Ադրբեջանին:
Արդյոք հաստատվում է այդ տեղեկությունը:
Հայաստանը բազմաֆունկցիոնալ կործանիչների, նաեւ օրերս հայտարարված ՏՈՐ հակաօդային պաշտպանության նոր համալիրների ձեռքբերումը դիտարկում է հակառակորդի նկատմամբ օդային գերակայության համատեքստում:
Արդյոք այդ հանգամանքը չի չեզոքանա, եթե իրականություն դառնա Սու 57-երի վերաբերյալ ռուս-ադրբեջանական գործարքը:
Շաբաթներ առաջ Բաքու կատարած այցի ընթացքոմ խոսելով Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանը դա անում է միջազգային բոլոր նորմերին համահունչ, միաժամանակ նաեւ հաշվի առնելով ռեգիոնում ուժերի հավասարակշռության անհրաժեշտությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ դրանից օրեր առաջ ՀԱՊԿ վեհաժողովում քննադատել էր դաշինքի անդամների Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հանգամանքը, հայտարարեց Երեւանում, որ բավարարված է Բաքվում Լավրովի արած հայտարարության բովանդակությունից: Խոսքն ըստ ամենայնի հավասարակշռության խնդիրը հաշվի առնելու մասին էր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում