Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020


Մարիամն ամբողջ ցերեկը չէր հեռանում փլատակները փորփրող մարդկանցից, մութն ընկնելուց հետո, մի բուռ դարձած, ծվարում էր խարույկի մոտ

Սամվել Խալաթյան

Նվիրվում է երկրաշարժին զոհ գնացած երեխաների հիշատակին

ԿԱՊՈՒՅՏ ՏԵՏՐԸ
Տղամարդը ծանրաքայլ մոտեցավ խարույկին բոց տվող կնոջը:
-Առ, տաշեղի տակը դիր,- աշակերտական տետրը մեկնեց նրան:
Կինը բացեց կապույտ տետրն ու մեջտեղի էջերից պոկելով՝ ճմրթեց, խցկեց խանձակոթերի տակ, կռանալով՝ սկսեց փչել:
Մյուս շքամուտքերի հարևանների խարույկներն արդեն բոցկլտում էին:
-Մամ, սոված եմ,- թնկթնկաց վերմակի մեջ փաթաթված աղջնակը:
-Համբերիր, հիմա թեյ կպատրաստեմ:
Աղջիկն ինքն էլ կռացավ ու թշերն ուռցնելով փչեց մխացող խանձակոթերին: Քիչ անց՝ փայտը բոց առավ: Մրոտված թեյնիկը դնելով կրակին, կինն ակամա ձեռքն առավ տետրն ու խարույկի թրթռացող բոցի տակ նայեց աշակերտական ձեռագրին: Սիրտը ճմլվեց, երկրորդ շքամուտքի Մարիամի աղջկա՝ վեցերորդ դասարանցի Մանեի տետրն էր: Երրորդ օրն էր, որ նրան փնտրում էին փլատակների տակ ու չէին գտնում: Մարիամն ամբողջ ցերեկը չէր հեռանում փլատակները փորփրող մարդկանցից, մութն ընկնելուց հետո, մի բուռ դարձած, ծվարում էր խարույկի մոտ:

Կինը թերթեց տետրը: Ստեղծագործական շարադրություն էր՝ «Ի՞նչ եմ ուզում դառնալ» թեմայով: Լավ էր, որ մեջտեղի էջերից էր պատռել ու չէր վնասել ձեռագիրը:
Արևը մայր էր մտել ու ցուրտ երեկոն թանձրանում էր: Տետրն ավելի մոտեցրեց կրակին, կարդաց. «... Ես կուզենայի աղավնի դառնալ: Գիտեմ, սիրելի ուսուցչուհիս՝ ընկեր Ամալիա Գրիգորյանը, կնեղսրտի ու կարմիր գրիչով կգրի, որ ես թեման ճիշտ չեմ ընկալել, որ պետք էր մասնագիտություն ընտրելու մասին գրեի, բայց նա թող ինձ ների... Ես այնպե՜ս եմ ուզում բարություն, խաղաղություն ավետող աղավնի դառնալ: Ախր, ես երազ տեսա, որ մի ճերմա՜կ, ճերմակ մորուքով պապիկ ինձ ասում էր. «Եթե դու աղավնի դառնաս, մոլորակի բոլոր-բոլոր մարդկանց սրտերում ծիլ կտա սերն ու բարությունը...»:
Կինը տետրը ծալեց, դրեց հնամաշ վերարկուի գրպանը, ոտքի կանգնեց:
-Կրակին հետևիր,-ասաց աղջկան,- ես հիմա կգամ:
Ձյուն էր մաղում: Ընդարձակ բակի խարույկները, ի հեճուկս ցրտող երեկոյի, հրե շատրվաններ էին ասես՝ մերձակա ավերակների վրա շող գցող:
Երկրորդ շքամուտքի խարույկի մոտ հավաքվածները տեղ բացեցին եկվորի համար:
-Բարի երեկո:
-Բարև, Աստղիկ ջան, նստիր:

Աստղիկը Մարիամի կողքին նստեց: Ուզեց հարցնել՝ ի՞նչ եղավ, բայց զգաց, որ հարցն անիմաստ է: Եթե Մանեին գտած լինեին, հիմա կամ աչքալուսանք էր, որ աղջիկը կենդանի է, կամ՝ սուգ... Գրպանում մատներով խաղաց Մանեի տետրի էջերի հետ, բոլորի մո՞տ տա, թե՞ մի կողմ կանչի անթարթ ու վշտահար հայացքը կրակից չհեռացնող Մարիամին:
Կրտսեր աղջիկը՝ Նազելին, մյուսների պես հայացքը կրակին, աչքերով խաղում էր բոցերի հետ, հետևում լեզվակներից դուրս ցայտող , փաթիլների մեջ մարող կայծերին: Հանկարծ նա ոտքի կանգնեց ու քայլեց դեպի ավերակների հսկա կույտ դարձած շենքը:
-Նազիկ, հեռու չգնաս,-հոգնած զգուշացրեց մայրը:
Աղջիկը կանգ առավ, մթնշաղում լարեց տեսողությունն ու ձեռքը պարզեց թեք ընկած պատից դուրս ցցված երկաթաձողին:
-Մա...,-հմայված առաջ քայլեց:
-Նազիկ, զգույշ,-հոգնած արձագանքեց մայրը:
-Մա... տես, աղունիկ է...
Երկաթաձողին թառած, գլուխը թևերի մեջ սեղմած աղավնին ասես մեծ փաթիլ լիներ:
Աղջիկը հուշիկ մոտեցավ, ձեռքը դանդաղ մեկնեց աղավնուն: Սառա՞ծ լինելու, թե՞ ջերմ ափի կարոտ թռչունը չփորձեց խույս տալ:
Աղավնուն գիրկն առած աղջիկը վերադարձավ խարույկի մոտ:
-Տե՞ս,-ցույց տվեց մորը:
-Սրա բույնն էլ է ավերվել,- հոգոցով ասաց Մարիամը,- զգո՜ւյշ, կրակից հեռու պահիր:- Ապա աղջկա ձեռքից վերցրեց աղավնուն: Թռչունը թևերը տարածեց, ու հպվեց կնոջ կրծքին: Մարիամը խալաթի օձիքով ծածկեց նրան՝ կտուցը քղանցքից դուրս թողնելով:
Աստղիկի գրպանում տետրն ասես հալվում, անեանում էր, մատները չէին զգում թերթերը:
-Ես գնամ,- ոտքի կանգնեց նա ու պատասխանի չսպասելով՝ հեռացավ:

դիտվել է 91989 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից