Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը: Նրա խոսքը վերաբերում է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԱԺ դիմումին, որը մերժեց ՍԴ-ն: Վահե Գրիգորյանը համարում է, որ ընդհանրապես Թովմասյանի հարցը եւ որեւէ հարց չի կարող մերժել կամ ընդունել ՍԴ-ն, որովհետեւ այդ կառույցը լեգիտիմ չէ: Գրիգորյանի տեսակետն այդ առումով արդեն բավականին հայտնի է:

Իհարկե, այդ դեպքում հարց է ծագում՝ եթե չկա ՍԴ, որպես լեգիտիմ կառույց, ի՞նչ գործ ունի այնտեղ ինքը՝ Գրիգորյանը: Միաժամանակ, նրա ՍԴ դատավոր լինելու եւ Ազգային ժողովի մեծամասնության քայլին տված գնահատականը ունի հետաքրքիր քաղաքական համատեքստ: Բանն այն է, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր է ընտրել Ազգային ժողովի մեծամասնությունը: Հիմա պատկերը հետաքրքիր է՝ Վահե Գրիգորյանը սխալ է գնահատում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի գործողությունները եւ ընդհանրապես մոտեցումը, տրամաբանությունը: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ ՍԴ հարցում կա, այսպես ասած, հակասություն Ազգային ժողովի մեծամասնության եւ նրա ընտրած ՍԴ դատավորի մոտեցումների միջեւ:


Այս պարագայում իհարկե ծագում է մեկ այլ հարց, թե ինչպե՞ս ուրեմն մեծամասնությունը ընտրեց Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր: Որովհետեւ, ի վերջո, խոսքը կոնցեպտուալ հարցում մոտեցումների անհամաձայնության մասին է՝ ՍԴ ապագայի եւ գործնականում նաեւ Հայաստանի դատաիրավական ապագայի հարցում, որովհետեւ ՍԴ-ն այստեղ առանցքային, հիմնարար նշանակության կառույց է:

Այստեղ խնդիրն այն չէ, թե ով է իր մոտեցումներով ճիշտ, ով սխալ՝ Գրիգորյա՞նը, ԱԺ մեծամասնությո՞ւնը, թե՞ որեւէ մեկը: Ինքնին առկա հակասությունը խոսում է քաղաքական բավականին նուրբ շերտերի մասին, որովհետեւ ստեղծվել է ճգնաժամ, որը իր հերթին որոշակիորեն ուրվագծում է ճգնաժամային իրավիճակ քաղաքական գործընթացի առումով: Օրինակ՝ Գրիգորյանը կներկայացնե՞ր իր թեկնածությունը ՍԴ դատավորի համար, եթե կասկած ունենար, որ ՍԴ հարցում խորհրդարանի մեծամասնությունը չի աջակցելու իր մոտեցմանը:

Մյուս կողմից՝ այստեղ կա մեկ այլ հարց՝ իսկ Վահե Գրիգորյանի մոտեցմանն աջակցո՞ւմ է խորհրդարանական մեծամասնության առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի առիթով հայտարարել էր, թե իրեն ցնցել էր Վահե Գրիգորյանի նամակը: Արդյոք Գրիգորյանի քննադատությունը կամ դժգոհությունը՝ որ ԱԺ-ն նույնիսկ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը, քննադատություն կամ դժգոհություն է նաեւ քաղաքական միավորի առաջնորդի՞ հասցեին, որ ՍԴ ճգնաժամի լուծմանը չի մոտեցել Նիկոլ Փաշինյանը: Թե՞ Վահե Գրիգորյանը այդպիսով փորձում է ԱԺ մեծամասնության մոտեցման նկատմամբ դժգոհություն առաջացնել Նիկոլ Փաշինյանի մոտ:

Մեկ այլ հարց է նաեւ այն, թե արդյոք ԱԺ մեծամասնության շրջանակում ինչպիսի՞ն է վերաբերմունքը Գրիգորյանի մոտեցման եւ դժգոհության նկատմամբ, ԱԺ մեծամասնությունից ովքե՞ր են համարում, որ Գրիգորյանը ճիշտ է, իսկ ԱԺ մեծամասնությունը՝ սխալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2828 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից