Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Մոսկվայի արագ արձագանքը. Ստեփանակերտի օդանավակայանը կրկի՞ն հետաքրքրել է

Lragir.am-ը գրում է․Ապրիլի 15-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին կմասնակցի նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «սեպարատ» բանակցությունների մեղադրանքից խուսափելու համար հայտարարել է, որ հանդիպմանը ներկա են լինելու նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:


Այդուհանդերձ, հանդիպումն անցնելու է ոչ թե Միսնկի խմբի, այլ Ռուսաստանի նախաձեռնությամբ: Մոսկվան երկու անգամ արդեն կազմակերպել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում: Տաջիկստանի մայրաքաղաքում նրանք պայմանավորվել են հրադադարի պահպանման շուրջ, եւ առայժմ այդ պայմանավորվածությունը պահպանվում է՝ չնայած հայտարարությունների մակարդակում «փոխհրաձգությանը»:


Հետո Վիեննայում կայացավ Փաշինյանի ու Ալիեւի առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որի արդյունքներով պայմանավորվեցին մի շարք խաղաղ նախաձեռնությունների շուրջ: Վիեննայից հետո պարզ դարձավ, որ պայմանագրի տեքստի կամ կարգավորման սկզբունքների շուրջ բանակցություններ չեն վերսկսվի՝ կողմերը դեռ երկար են քննարկելու բանակցությունների վերսկսման պայմանները: Հավանաբար, սա ձեռնտու է բոլոր կողմերին եւ դաշտ է բացում առավել առարկայական նախաձեռնությունների համար:

Այս կապակցությամբ ռուս փորձագետները նշում են, որ Ռուսաստանը կարող է աջակցել մարդասիրական ու այլ խաղաղ նախաձեռնություններին: Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախաձեռնությունների մասին, ասել է, որ կարող են լրագրողների փոխադարձ այցեր լինել, հարազատները կարող են այցելել գերիներին:

Անսպասելի նախաձեռնություն է հնչել Արցախից. նախկին վարչապետ, Ազատ Հայրենիք կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը առաջարկել է համագործակցել Ադրբեջանի հետ երկու ոլորտներում՝ բացել Արցախի օդային տարածքը միջազգային չվերթների համար եւ համատեղ շահագործել Սարսանգի ջրամբարը:

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարի Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արայիկ Հարությունյանի առաջարկը Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բացելու մասին:

Զախարովան ասել է, որ այդ եւ այլ նախաձեռնությունները հակամարտության կարգավորման կողմերը պետք է քննարկեն: Հետո, եթե պահանջվի այլ պետությունների կամ համանախագահների մասնակցությունը, այդ հարցն էլ կարող է քննարկվել: Զախարովան ասել է, որ այս եւ մյուս հարցերը քննարկելու լավ հնարավորություն կլինի Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Ստեփանակերտի օդանավակայանի թեման ժամանակին արծարծվել էր Բակո Սահակյանի Մոսկվա այցի ժամանակ: 2015 թվականի նոյեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ Ռեգնում գործակալությունը Բակո Սահակյանին սադրիչ հարց տվեց՝ Արցախը պատրա՞ստ է տրամադրել Ստեփանակերտի օդանավակայանը Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողության համար:

Սահակյանը պատասխանել էր, որ Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառուցվածքի օգտագործման հարցում համագործակցությունը, ասել էր Սահակյանը:

Հետո հարկ եղավ այդ հայտարարությունից հրաժարվել, բայց պարզ դարձավ, որ Ռուսաստանը ցանկանում է օգտագործել օդանավակայանը: Արայիկ Հարությունյանի «անմեղ» առաջարկին Մոսկվայի այսքան օպերատիվ արձագանքը նշանակու՞մ է, որ Մոսկվան նորից հետաքրքրված է Արցախի ռազմական ենթակառուցվածքներով: Ժամանակին ակտիվորեն քննարկվում էր հարցը, որ Ռուսաստանը հետաքրքրված է Արցախում խաղաղարար առաքելությամբ, որի միջոցով Ռուսաստանը ռազմական ներկայություն կունենար Իրանի հետ սահմանին:

Լուսանկարը PanArmenian-ի

դիտվել է 57602 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից