Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Թաղումներին պարող աղջնակը

Պատմում են, թե ժուկով-ժամանակով մի աղջնակ էր ապրում... Նա սիրում էր պարել թաղումների ժամանակ... Հարազատները չէին արգելում նրան, քանի որ դա մանկական խաղ էին համարում և վստահ էին, որ հասունանալուն համընթաց կանհետանա այդ սովորությունը...

...Անցան տարիներ, սովորությունն անհետացավ... Աղջիկն այլևս չէր պարում...
Օրերից մի օր էլ, հեքիաթի ճիշտ մեջտեղում, նա հանդիպեց մի երիտասարդի, որը ժպտում էր... Դեպի նրա սիրտը տանող ճանապարհը ծածկված էր մացառներով և սարդոստայններով, և այդ պատճառով էր, միգուցե, որ երիտասարդը նրան ծեր արծիվ թվաց... Բայց աղջկան գրավել էր նրա աչքերում հեռու՜- հեռու՜ մի տեղ թաղված կախարդական աշխարհը... Իսկ աղջիկը դեռ մանկուց սիրում էր պարել թաղումներին, եւ այն օրվանից երբ նրանք հանդիպեցին ՝ փոխվեց ինչ-որ բան...

...Անցան տարիներ կամ, գուցե, դարեր... այդ մասին միայն նրանք կիմանան... բայց աղջիկը կարողացավ անցնել մացառներով ճանապարհը և մաքրել տղայի սիրտը սարդոստայններից... Նրանք սկսեցին ապրել իրար հետ ...իրարից հեռու, իրարով... Իրար հետ քնում էին, իրար հետ արթնանում՝ իրարից հեռու... Այդպես միայն հեքիաթում է լինում... Եւ նրանք ամեն ինչ անում էին, որ իրենց հեքիաթն է՛լ ավելի կախարդական թվա... Մինչև անգամ Ձմեռ Պապն էր օգնում նրանց՝ աղջկա բարձի տակ նվերներ թողնելով...

...Մի օր էլ աղջիկը տղայից մի դեղին ճուտիկ խնդրեց... Դեղինը տղայի սիրած գույնն էր... Նա մանկուց սիրում էր դեղինը, որովհետև դեղինը նրան հիշեցնում էր Արևը և աշխարհում Ամեն Լուսավորը... Եւ քանի որ աղջիկն այն լուսավորն էր, ինչ ուներ տղան իր կյանքում, նա նվիրեց աղջկան այդ դեղին ճուտիկը... Նա նույնիսկ չխնդրեց աղջկան, որ երբե՛ք, երբե՜ք չկորցնի դա, քանի որ, չէր կարող անգամ պատկերացնել, որ մարդիկ ի վիճակի են կորցնել իրենց համար թանկն ու լուսավորը...

...Անցան տարիներ կամ, գուցե, դարեր... այդ մասին միայն նրանք կիմանան... Բայց աղջիկն օրերից մի օր պարել ցանկացավ... Նրա մոտ չէր վերացել թաղումներին պարելու սովորությունը... Նա միայն սովորել էր դա թաքցնել իր հարազատներից...
Պարելու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ նրան չբավականացրեց անգամ այդ դեղին ճուտիկի թաղման արարողությունը... Եւ նա վճռեց թաղել իրենց հեքիաթը... Նրան այլևս հանգիստ չէր տալիս այդ միտքը, իսկ տղան չէր հասկանում, որ աղջիկն արդեն պատրաստություն է տեսնում... Նա հասցրել էր անգամ գերեզմանափոր գտնել իրենց հեքիաթի համար... եւ խնդրել հարազատներին, որ պատրաստեն ամենակախարդական երաժշտությունը... Քանի-որ իսկական հեքիաթը թաղելու համար, կախարդական ծես ու խնջույք պետք է կազմակերպել...

...Բայց նա չգիտեր ամենակարևորը, որ հեքիաթը, ինչպես և սէրը՝ չի մեռնում... Դա ինչպես էներգիան՝ մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի, եւ բնավ պարտադիր չէ, որ դա ատելության տեսքն ունենա... Եւ նա թաղեց իրենց հեքիաթը՝ ողջ-ողջ... Նա այնքան էր տարվել իր պարով, որ մինչև անգամ չիմացավ, թե ինչ կտակ էր թողել տղան իրենց հեքիաթից... Նա քաջություն չուներ, նայելով տղայի աչքերի մեջ, լսել ողջ ճշմարտությունը հեքիաթի մասին... Նրա փոխարեն դա կարող էր անել ցանկացած ոք... Իսկ քանի-որ մարդիկ հեքիաթներ չեն հասկանում, նրան պատմում էին սարսափելի պատմություններ դևերի և հրեշների մասին...

...Մինչդեռ տղան սպասում էր... սպասում էր, թե մի օր աղջիկը կխոստովանի՝ իր աչքերի մեջ նայելով, ... որ թաղել էր այն դեղին ճուտիկը, այլ ոչ թե՝ կորցրել...

... Բայց աղջիկն այդպես էլ չի իմանա, թե ինչ էր կտակել տղան՝ իրենց հեքիաթից...
Նա այդպես էլ չի իմանա, որ տղան այլևս դարչնագույնն է սիրում...

...Տղան հասկացավ, որ կյանքում ոչինչ, անգամ Արևը այդչափ լուսավոր չի լինում, և մի բուռ ցեխ խառնեց իր դեղինին...

...Հետո, տարիներ անց, երբ տղան կպատմի այս հեքիաթն իր թոռներին, նրանք այդպես էլ չեն հասկանա, թե ինչից է ամեն անգամ մի կաթիլ արցունք գլորվում պապի աչքերից, երբ «Մախմուր Աղջիկ» երգն են երգում իր մոտ... Նրանք չեն հասկանա, թե ինչու է պապն ամեն անգամ խնդրում դադարեցնել այդ երգը... Նրանք չեն իմանա, որ դա այն երգն էր, որի տակ թաղել էին իրենց հեքիաթը... Իսկ հեքիաթից միայն մի նկար էր մնացել՝ իբրև հիշողություն... Ճիշտ այնպես, ինչպես կորցված այն դեղին ճուտիկից...

15.12.2017թ.

դիտվել է 108 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից