Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Օգոստոս / 2020


ԱԱ-2018․ «Ֆուտբոլային ներկայացում» Սոչիում կամ պիրենեյցիների մենամարտը «Ֆիշտում» (ֆոտո)

Հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկեց քառամյակի գլխավոր ֆուտբոլային տոնը՝ աշխարհի առաջնությունը։ Խաղային երկրորդ օրվա «Գլխավոր ուտեստը» դարձավ Պիրենեյան թերակղզու տեխնիկապես հարուստ հավաքականների դիմակայությունը, որին սպասում էին մեծ հետաքրքրությամբ։

«Ֆուտբոլային համերգի» համար պատրաստ էր ամեն ինչ։ Սոչիի գեղեցիկ, նորագույն ճարտարապետական լուծումներով «Ֆիշտ» մարզադաշտը, երկրպագուները, մարզիչները, գնալով ավելի շատացող մրցավարները։ Այդ ամենը հիացմունք էր առաջացնում անգամ հեռուստացույցի էկրանից։ Բայց այդ մասին ավելի ուշ։

Աստղային դիմակայությանը պատրաստ էին գլխավոր գործող անձինք՝ թիմերը, որոնց ճամբարներում վերջին օրերում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր անցնում։ Երկրպագուների բախման պատճառով Պորտուգալիայի հավաքականի միանգամից մի քանի ֆուտբոլիստներ խզել էին պայմանագրերը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ, իսկ «Կարմիր ֆուրիան» զարմացրեց ֆուտբոլային հանրությանը․ ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիին։ 51-ամյա մասնագետը գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»․․․ բայց վերադառնանք խաղին։

Գնդակի երկար խաղարկումներ, ժամանակի ձգում, խաղաղություն փոթորկից առա՞ջ։ Ո՛չ, չենք լսել։ Շոուն սկսվեց արդեն երրորդ րոպեին, երբ բեմում հայտնվեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Բոլորիս ծանոթ դրիբլինգ, վաստակված 11-մետրանոց և ռմբարկուն գնդակն ու Դե Խեային ուղարկեց տարբեր ուղղություններով։ Ռոնալդուի հետ պայքարում կանոնները խախտեց նրա թիմակից Նաչո Ֆերնանդեսը։

Բուռն մեկնարկը խոստանում էր հետաքրքիր շարունակություն։ Դիեգո Կոստան պտտեցրեց 2 պաշտպանի, մի քանի անգամ գնդակը հարմարեցրեց իրեն և այն ուղարկեց դարպասի ձախ անկյունը։ Պատասխան գնդակը պատրաստ է։

Պատասխան գոլից հետո Ֆերնանդո Իերոյի թիմը (Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպանին է վստահվել ազգային թիմի ղեկը) տիրեց նախաձեռնությանը և փորձեց զարգացնել հաջողությունը, սակայն չստացվեց։

Դե Կրիշտիանու Ռոնալդուն էլ Կրիշտիանու Ռոնալդու չէր լինի, եթե ամենաանսպասելի պահին կրկին իր մասին չհիշեցներ։ Այո, հարվածն ուղիղ Դավիդ Դե Խեայի վրա էր, բայց ավագի հարվածն ինչպես միշտ շատ անհարմար է դարպասապահի համար, ինչի արդյունքում գնդակն անդրադարձի օգնությամբ հայտնվեց դարպասում՝ 2։1։

Ի՞նչը դուր չեկավ։ ՖԻՖԱ-ի նորամուծությունները, երբ հատուկ սենյակներում նստում են հավելյալ մրցավարներ, ստուգում են վիճելի դրվագները։ Այդ ամենն օգնելու փոխարեն ավելի շատ լարվածության մեջ է պահում գլխավոր մրցավարին։ Այո, սխալվելու հավանականությունը նվազում է, սակայն ֆուտբոլը գեղեցիկ է նաև իր սխալներով և դինամիկայով, իսկ հաճախակի դադարները կոտրում են խաղի տեմպը։ Եկեք չմոռանանք, որ ֆուտբոլը գեղեցիկ է նաև անկանխատեսելիությամբ։

Իսպանիան խելագար տրամադրվածությամբ դուրս եկավ երկրորդ խաղակեսին։ Մի քանի րոպե անց Դիեգո Կոստան, որն իր վրա էր վերցրել իսպանացիների հարձակման առաջատարի դերը, չէր ցանկանում հետ մնալ Ռոնալդուից և խփեց երկրորդ պատասխան գնդակը՝ 2։2։

ԱԱ-2010-ի չեմպիոնները կանգ չէին առնում։ Անընդմեջ գրոհներն ավարտվեցին Նաչոյի գեղեցիկ գոլով՝ 3։2։ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը վերադարձրեց պարտքը․ խաղի մեկնարկում հենց նա էր խախտել կանոնները սեփական տուգանայինում։

Երրորդ բաց թողած գոլից հետո պորտուգալացիները իրենց առաջատարի հետ միասին մնացին ստվերում, թվում էր, թե իսպանացիները կկարողանան խաղը հասցնել հաղթական ավարտի, սակայն վերջակետ դնելու իրավունքը պատկանում էր Ռոնալդուին։ Նա դա արեց իրեն բնորոշ ոճով։ Պորտուգալիայի 7 համարի տուգանայինից կատարած հարվածից հետո աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն ուղղակի անհույս հայացքով հետևեց գոլին։

Սոչիի «Ֆուտբոլային ներկայացումը» գերազանցեց սպասելիքները։ Աշխարհի առաջնության արդեն երկրորդ օրը ֆուտբոլասերը զգաց իսկական ֆուտբոլի համը, ինչն ավելի մեծացրեց սպասումները ռուսական մունդիալից։

Սամվել Սուքիասյան

Նյութի աղբյուրը ՝ News.am

դիտվել է 4258 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից